Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Կլիչկոն պահպանեց չեմպիոնական գոտին

Կլիչկոն պահպանեց  չեմպիոնական գոտին
08.10.2013 | 11:42

Ռուսների կողմից այնքան երկար սպասված Վլադիմիր Կլիչկո-Ալեքսանդր Պովետկին մարտը վերջապես կայացավ: Կլիչկոների մասնակցությամբ սա երկրորդ մրցամարտն էր Մոսկվայում (անցած տարի այստեղ բռնցքամարտել էր աշխարհի բացարձակ չեմպիոնի եղբայրը), քաղաք, որը համառ փորձեր է կատարում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի կենտրոններից մեկը դառնալու ուղղությամբ ու, կարծես թե, որոշակիորեն հաջողում է: Ինչ վերաբերում է բուն մրցամարտին, ուկրաինացու հետ հանդիպումում, թերևս, կրեմլյան երազողի կարգավիճակ պիտի ունենայիր ռուս մարզիկի հաղթանակին հավատալու համար, որքան էլ վերջինս WBA վարկածում կրում է աշխարհի չեմպիոնի մշտական տիտղոսն ու մինչ այս հանդիպումը չէր զիջել որևէ մեկին:
Մարտը շարունակվեց ամբողջ տասներկու ռաունդ: Սա նշանակում է, որ աշխարհի բացարձակ չեմպիոնի հետ դիմակայությունում Պովետկինին հաջողվեց խուսափել նոկաուտով պարտվելուց, ինչը սովորաբար լինում է Կլիչկոյի դեմ ելած մրցակիցների հետ: Սակայն, որքան էլ մարտը չավարտվեց ժամանակից շուտ, այդուհանդերձ ռուս բռնցքամարտիկը նշանակալի ոչինչ չարեց «Դոկտոր պողպատե մուրճին» քիչ թե շատ հավասարազոր մարզիկ ներկայանալու համար: Մրցամարտում հաղթանակի հասնելու համար Պովետկինի շտաբն ամբողջ հույսը կապել էր մեն մի հատիկ պատահական հարվածի հետ` ողջ տակտիկան ու ստրատեգիան կառուցելով սրա վրա:
Թերևս մի երկու խոսք էլ ասենք հանդիպման ֆինանսական կողմի մասին ու բավարարվենք դրանով, քանզի հետաքրքրական ուրիշ ոչինչ չկար այդ մարտում, որքան էլ զանգվածային լրատվամիջոցները փորձել էին քաշ ու կշիռ հաղորդել դրան: Ռուսները կարողացել էին բավականին կլորիկ գումար հայթայթել մրցամարտի կազմակերպման համար: Համենայն դեպս, քսանվեց միլիոն ամերիկյան դոլարը փոքր գումար չէ: Անկախ մրցամարտի ելքից` այն կողմերի միջև բաժանվելու էր յոթանասունհինգը քսանհինգ տոկոսի հարաբերակցությամբ: Բնականաբար` Կլիչկոյին հասանելիք առյուծի բաժնեմասով:
Մտածելով, որ ընթերցողի համար հետաքրքրական կլինի իմանալ, թե գերծանր քաշային կարգում ռուսներն առհասարակ ինչ հաջողություններ են ունեցել, մի երկու խոսք էլ ասենք այդ առիթով: Այսպես, 2007-ի ապրիլին WBA վարկածով չեմպիոնական տիտղոսի համար ռինգ ելան Նիկոլայ Վալուևն ու Ռուսլան Չագաևը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց վերջինիս:
2007-ի հոկտեմբերին WBO վարկածով չեմպիոնական գոտու համար Մոսկվայում մրցեցին Սուլթան Իբրահիմովն ու Էվանդեր Հոլիֆիլդը: Իր մարզական հարուստ կարիերայի մայրամուտն ապրող քառասունչորսամյա ամերիկացի բռնցքամարտիկը միավորներով պարտություն կրեց: Ընդ որում, երեք մրցավարներն էլ միակարծիք էին Իբրահիմովի հաղթանակի հարցում:
2008 թվի փետրվարին Սուլթան Իբրահիմովը WBO և IBF վարկածներով չեմպիոնական գոտիների համար մրցեց Վլադիմիր Կլիչկոյի հետ: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց ուկրաինացուն:
2008-ի մարտին WBC վարկածով չեմպիոնական գոտու համար հանդիպել են Օլեգ Մասկաևն ու Սեմյուել Պիտերը: Ռուսաստանը ներկայացնող մարզիկը վեցերորդ ռաունդում պարտվել է տեխնիկական նոկաուտով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ